18 հունվարի 2020 - 16:03 AMT
Գիտնականները պարզել են դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը

ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ դինոզավրերի անհետացման հիմնական պատճառը աստերոիդն էր, և ոչ թե հրաբխային ակտիվությունը։ Նրանց հետազոտությունն ի հայտ է բերում դինոզավրերի անհետացման առեղծվածը, հայտնում է Phys.org-ը։

Նախնադարյան կլիմայի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները պարզել են, որ Հնդկաստանում հրաբուխների զանգվածային ժայթքումներն ազդել են կենսոլորտի վրա դինոզավրերի անհետացումից շատ ավելի վաղ շրջանում՝ 66 մլն տարի առաջ, գրում է Lenta.ru-ն։

Հրաբխային գազի արտանետման հստակ ժամանակագրութունը հաջողվել է որոշել ծովային բրածոների հետազոտման շնորհիվ։

Մասնագետներն ուսումնասիրել են իզոտոպների բաղադրությունը կենդանիների բրածոներում և դրանց համապատասխանող փոփոխություններն ածխաթթու գազի գլոբալ խտացումներում, որից հետո կատարվել է ածխաթթու գազից կլիմայական փոփոխությունների մոդելավորում։ Պարզվել է, որ ածխաթթու գազի արտանետումները պետք է հանգեցնեին գլոբալ տաքացման Ցելսիուսի 2 աստիճանով, բայց դա բավարար չէր զանգվածային անհետացման համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել էին, որ Երկրի կենսոլորտը ուժգին ազդեցություն է ունեցել Հնդկաստանում հրաբուխների տևական ակտիվությունից։ Գիտնականները կարծում են, որ երկնաքարը վերջին գործոնն էր, որը վերջանականապես խախտեց գլոբալ համակարգի կայունությունը։