18 հունվարի 2020 - 11:37 AMT
Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը։ Վերջինիս հետ հանդիպմանը Զելենսկին հայտարարել է, որ որոշել է «աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ» նրան և կառավարությանը, գրում է «Վեդոմոստին»։

Հունվարի 17-ին Գոնչարուկը հրաժարականի դիմում էր գրել։ Նա իր որոշումը պատճառաբանել էր նախագահի հանդեպ հարգանքի և վստահության վերաբերյալ բոլոր կասկածները փարատելու ցանկությամբ։ Հրաժարականի մասին գրառման մեջ Գոնչարուկն ասել էր, որ ձայնագրությունները մոնտաժված են և «արհեստականորեն տպավորություն են ստեղծում», թե ինքն ու կառավարության անդամները չեն հարգում նախագահին:

«Հիմա ժամանակը չէ խարխլելու պետությունը տնտեսապես և քաղաքականապես», – ասել է Զելենսկին։

Նա հորդորել է Գոնչարուկին մտածել որոշ նախարարներին, «ըստ մասնագիտական տվյալների», փոխարինելու մասին։

Հունվարի 15-ին YouTube-ի «Ինչպես խաբել նախագահին» ալիքում, որը հենց այդ օրն էր ստեղծվել, ձայանգրություններ էին հրապարակվել, որտեղ մի քանի մարդ քննարկում է տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը և գրիվնայի փոխարժեքը։ Գոնչարուկի ձայնին նման ձայնով ոմն մեկը «պարզունակ» է անվանում նախագահի պատկերացումները տնտեսության մասին, իսկ ինքն իրեն՝ տնտեսական ոլորտից անգիտակ համարում։

Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները դիմել էին Անվտանգության ծառայությանը՝ խնդրելով հետաքննել միջադեպն ու պարզել աղբյուրը, ինչպես նաև մոնտաժի հավանականությունը։