18 հունվարի 2020 - 13:25 AMT
ԱԱԾ-ն կանի առավելագույնը՝ Կուտոյանի մահվան հարցերին սպառիչ պատասխաններ տալու

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանը ցավակցել է կառույցի նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար»,- ասվում է ԱԱԾ պետի ցավակցական ուղերձում։

Մարտիրոսյանը նշել է, որ Կուտոյանը մասնագիտական «մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա»։

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Ատրճանակը պատկանել է Կուտոյանին, ստացել է պարգևատրման կարգով: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 30-40 պարկուճ ու գնդակ: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: