18 հունվարի 2020 - 13:51 AMT
Ղուլյան. Ադրբեջանում հայերի ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն հետևողական ենք լինելու

Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այդ մասին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ:

«Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ի հունվարի Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանության կողմից»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանության կողմից, պարզ էր հենց ամենասկզբից:

«Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղութմաբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- ասել է Ղուլյանը:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով, 20-րդ դարավերջի ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային հանրության կողմից, բայց կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել:

«Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստանած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած սուղ պայմաններում ապրող Արցախն է, որ մայր հայրենիքի հետ միասին իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը»,- ասել է Ղուլյանը:

Նա հավելել է, որ Արցախի ԱԺ-ն մշտապես բարձրաձայնել է, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ կատարվածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը: