Ավտոմեքենայի մեկ պետհամարանիշի բացակայությունը հաճախ անփութության, վարորդից անկախ հանգամանքներում առաջացած խնդրի արդյունք է և չպետք է պատժվի նույն սկզբունքով, ինչ երկու պետհամարանիշի բացակայությունը: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պատգամավորն առաջարկել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների մասին» նորացված օրենքում, որն ուժի մեջ է մտել այս 2020-ի հունվարի 1-ից և սահմանում է տուգանային միավորներ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:
Նրա խոսքով՝ պրակտիկայում դժվար է ապացուցել, որ մեքենայի պետհամարանիշը վարորդի մեղքով է բացակայում, թե նրանից անկախ, բայց մեկ պետհամարանիշի բացակայությունն անհամեմատելի է երկուսի բացակայության հետ. առաջին դեպքում հնարավոր պատճառ կարող են լինել նաև այլ հանգամանքներ, երկրորդ՝ միտումնավոր:
«Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից։ Իմ առաջարկած նախագծով՝ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել վարչական մեղմ պատժամիջոց՝ 20,000 դրամ տուգանք և 2 բալ»,- ասել է Պապոյանը:
Մինչև բալային համակարգի ներդրումը խախտման այս տեսակի համար «Վարչական իրավախախտումների մասին» նախորդ օրենքը 200,000 դրամ էր նախատեսում` ընդ որում, թե՛ մեկ, թե՛ երկու համարանիշների բացակայության համար։