22 հունվարի 2020 - 14:23 AMT
Մարուքյան. Աշոտյանի հետ ամենաթարմ սուրճ խմածն ինքը՝ Ռուբինյանն է

Աժ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով իշխող ուժից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ նախկինների հետ սուրճ խմելու հորդորին, ասել է, որ վերջինն Աշոտյանի հետ սուրճ է խմել հենց ինքը՝ Ռուբինյանը:

ԱԺ-ում Մարուքյանի հետ օրինագծի շուրջ վիճաբանության ժամանակ Ռուբինյանը ասել էր. «Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»:

«Ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում, հանդիպել Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ խմել ու խնդրել, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք ԵԺԿ-ի (Եվրոպական ժողովրդավարական կուսակցություն, խմբ.) անդամ դառնան»,- ասել է Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Ըստ Մարուքյանի՝ նախկինների հետ սուրճ խմողը Ռուբինյանն է:

«Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից ա նեղված, որովհետև անհետաքրքիր ա իր հետ զրույցը, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս», - ասել է նա:

Մարուքյանը հիշեցրել է, որ Ռուբինյանը նաև խնդրել է ՀՀԿ-ին իր կապերով աջակցել ԵԱՀԿ-ում հակահայկական բանաձևի ընդունմանը խոչընդոտելուն:

«Ինչը լավ է արել, ասեմ, բայց պետք է հիշի, որ եթե սուրճ խմելն ուզում է զենք սարքի ու կիրառի ինձ վրա, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածը, վերջերս, ինքն ա», - եզրափակել է պատգամավորը՝ շեշտելով, որ մարդկային հարաբերությունների մակարդակում որևէ մեկի հետ սուրճ խմելու բարդույթ չունի:

Ավելի ուշ Ռուբինյանը՝ անդրադառնալով սրճելու թեմայով Մարուքյանի մեկնաբանությանը, ասել է, որ ինքն առանձնապես սուրճ չի խմում: Նա կոչ է արել գործընկերոջը՝ իր հետ պետք չէ սուրճ խմել, պետք է պարզապես իրեն կոռեկտ պահել, գրում է Aysor.am-ը:

«Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքան գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունն ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում: Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան մենք ասում ենք՝ սիրելի՛ պարոն Մարուքյան, սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում», - ասել է պատգամավորը։

Պատգամավորների վիճաբանության առիթ էր դարձել Մարուքյանի կարծիքը, թե «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագծի տապալմամբ՝ իշխանությունը ցույց է տվել, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար կամք չունի։ Պատգամավորը նշել էր, որ կատարվածն ընդդիմության սահամանադրական լիազորությունների տապալում է, և նախկին գումարման խորհրդարաններում նման նախադեպ չի եղել: