22 հունվարի 2020 - 14:42 AMT
Վանեցյան. Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ

Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլև մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է, գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաև, որ իր բաժին առաքելության հետևից գնալու է:

«Մեր ժողովուրդն ապրելու է բարեկեցիկ, պատվով ու մեծ երազանքով: Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ: Հաջողության չհասնելու տարբերակ չկա», - ասվում է գրառման մեջ:

ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի վերաբերյալ հայտարարությունում պատճառների մասին խոսելիս Վանեցյանը, մասնավորապես, նշել էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»: