23 հունվարի 2020 - 13:34 AMT
Արմեն Սարգսյանն Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով: Այդ մասին նա ասել է Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի և նրա տիկին Իրինա Նևզլինի հետ հանդիպմանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,- շեշտել է Հայաստանի նախագահը:

Քնեսեթի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու որոշումը կարևոր քայլ կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Արմեն Սարգսյանը կարևորել է նաև Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

«Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ ՀՀ-ն կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ», - նշել է նա:

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է արել պատվավոր հյուրերի գրքում։