23 հունվարի 2020 - 14:23 AMT
Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի կողմից նախազգուշացվելու մասին. Շփոթմունք էր

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ի նիստում ԱԺ նախագահի կողմից իրեն արված նախազգուշացմանը, ասել է, որ ընդամենը շփոթմունք է եղել։

Հունվարի 22-ին Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ` նախազգուշացում էր կիրառել Սիմոնյանի հանդեպ՝ նշելով, թե «ինքը գիտի՝ ինչի համար:

«Սեղանի վրա թղթապանակ կար։ Ես թղթապանակին սեղմելով՝ գրանցում էի կատարել։ Բայց պարզաբանեցի, և զգուշացումը չգրանցվեց», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Խոսելով ԱԺ-ում հունվարի 22-ից չհանդարտվող կրքերին մասին՝ Սիմոնյանն ասել է, որ ուղղակի ասելիք չկա, և դա է պատճառը քննարկումների:

«Ասելիքի ճգնաժամ կա։ Սա է պատճառն այն ամենի, ինչի ականատես ենք լինում։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք հակառակ կարծիքը լսելու հարցում, բայց անհանգստանալու բան չեմ տեսել։ Ընդդիմությունն այսօր ասելիքի լուրջ խնդիր ունի», - ասել է նա։

Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում էր ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը:

Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի էր ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: