23 հունվարի 2020 - 15:22 AMT
2022-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը ՀՀ-ում կարգելվի

2022-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Հայաստանում կարգելվի: Կառավարությունն ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Դրանով կարգելվի առևտրի օբյեկտներում և վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքն ու իրացումը։

Օրինագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունը: Ակնկալվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման:

Պոլիէթիլենային փաթեթները երկար տարիներ պահպանվում են և չեն քայքայվում՝ բնապահպանական մեծ խնդիրներ առաջացնելով: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար ավելի քան 400 տարի է պահանջվում:

2013-2015 թթ. ՀՀ ներմուծվել է մոտ 16 տ պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում՝ արտադրվել 8.149,1 տ։ 2017-2018 թթ. ներմուծվել է 18.059,6 տ էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։