23 հունվարի 2020 - 15:23 AMT
«Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել

Ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազայում» կրակոցների մասին ահազանգ է ստացել, PanARMENIAN.Net-ին ասացին կառույցի լրատվականից։

«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբեր են աշխատում», - ասացին ոստիկանությունից։

Հարցին՝ արդյոք կրակողը շենքի ներսում է, թե՝ ոչ, լրատվականում չպատասխանեցին:

Ոստիկաններն արդեն շրջափակել են տարածքը, ոչ ոքի չի թույլատրվում ներս ու դուրս անել:

Տեսանյութ է հրապարակվել, որն արվել է շենքի ներսում:

Aysor.am-ի նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ ու գտնվում է շենքի ներսում:

Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել:

Դեպքի վայրում են ԱԱԾ պետի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը: