«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, ասվում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- ասվում է գրառման մեջ։
Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ներկայումս իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է:
«Ոստիկանության պետն անձամբ բանակցում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։
Նա ասել է, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ:
Բիզնես կենտրոնին արդեն մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել: