23 հունվարի 2020 - 19:32 AMT
Նիդերլանդների ԱԳՆ. ՀՀ-ում դեսպանատան բացումն առանցքային է հարաբերությունների ամրապնդման համար

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները և Երևանում դեսպանատուն է բացում։

«Սա առանցքային քայլ է՝ հարաբերությունների հետագա ամրապմդման համար»,- ասել է նա:

ՀՀ ԱԳՆ-ում հանդիպումից հետո նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը մամուլի ասուլիս են տվել։

Բլոկը նշել է, որ օրը սկսել է Հայոց ցեղասպանության թանգարան այցով, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1915-ի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին։ Նիդերլանդների ԱԳ նախարարը տպավորված է ՀՀ-ում փոփոխություններով, հատկապես օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարով. ասում է՝ Նիդերլանդները դաշնակից կլինեն այս հավակնոտ բարեփոխումներում, հայտնում է Panorama.am-ը:

«Այսօր քննարկելու ենք Հայաստանի ու Նիդերլանդների միասին աշխատելու հիանալի հեռանկարները»,- ասել է Ստեֆ Բլոկը։

Նախարարը նշել է, որ տնտեսական գործակցության հնարավոր ոլորտներ են բարձր տեխնոլոգիաները, որը Հայաստանում զարգացած է, գյուղատնտեսությունը, օրինակ՝ ջերմոցների զարգացումը, ջրի մշակումը, սերմերի վերամշակումը և այլն։

Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցի հետ կապված Բլոկը նշել է, որ դա եվրոպական գործընթաց է և Եվրոպական հանձնաժողովը պետք է գնահատի ՀՀ-ում առաջընթացը։

«Նիդերլանդների կառավարությունը հաշվի կառնի այս ուսումնասիրության արդյունքները»,- ասել է Բլոկը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։