23 հունվարի 2020 - 19:34 AMT
Նախագիծ. Գյուղացիների կողմից չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել

Հայաստանում գյուղատնտեսական նշանակության չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել՝ դրանց դիմաց սահմանված պետգնով: Կառավարությունը հավանություն է տվել գյուղնշանակության հողերի արդյունավետության բարձրացման մասին հայեցակարգին:

Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ձևավորել էլեկտրոնային հարթակ, որտեղ չօգտագործվող հողամասի սեփականատերերը կկարողանան իրենց շահավետ եղանակով իրականացնել վարձակալություն կամ վաճառք:

«Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքի ուժով այն վերցնենք վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել»,– ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ, և քննարկումները բաց լինեն հանրության համար։ Նա չի բացառել, որ փոփոխությունը կարող է սուր ռեակցիա առաջացնել, քանի որ տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված: Ըստ այդմ՝ վարչապետը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է փոխզիջումների, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Տարեվերջին հաստատված գյուղատնտեսության զարգացման ռազմավարության ուղղություններից մեկը վերաբերում էր հողային ռեֆորմին:

Հայեցակարգում նշվում է, որ 2018-ին չի օգտագործվել ՀՀ-ի վարելահողերի 45%-ը: Նախագծով ակնկալվում է ոչ միայն բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործումը, այլև արձանագրել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում, երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում: