24 հունվարի 2020 - 11:14 AMT
Չինաստանում կորոնավիրուսի պատճառով 10 քաղաք են փակել

Չինաստանի Հուբեյ գավառում Ուխանը ներառյալ 10 քաղաք են փակել կորոնավիրուսի նոր տիպի տարածման պատճառով: Տրանսպորտային հաղորդակցությունը դրանցում ժամանակավոր կասեցվել է:

Փակված քաղաքներն են Ուխանը (11 մլն բնակչություն), Չիբին (534 հազար), Էչժոուն (1,08 մլն), Խուանգանը (7,5 մլն), Սյանտաոն (1,6 մլն), Ձիցյանը (550 հազար), Ցյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 մլն), Էնշին (809 հազար) և Սյանինը (2,5 մլն): Անվտանգության միջոցներն անդրադարձել են գավառի 29,2 մլն բնակչության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առավել խիստ են սահմանափակումներն Ուխանում, որտեղ հունվարի 22-ից չի գործում ցամաքային տրանսպորտը, մետրոն, լաստանավերը, քաղաք մուտք չեն գործում ուղևորատար ավտոբուսները, չեն թռչում ինքնաթիռները, չեն երթևեկում գնացքները: Իշխանությունները հորդորում են առանց լուրջ պատճառի չայցելել այդ քաղաք և չմեկնել այնտեղից:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխանում անհայտ ծագման թոքաբորբով հիվանդացության մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ դրա հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: Հիվանդների թիվը հասել է 617-ի. մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր 17 մահացու դեպքերը: