24 հունվարի 2020 - 11:36 AMT
Փաստաբան. Քննիչները Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը:

Մակինյանը նշել է, որ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահի բնակարանում։

«Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- ասել է Մակինյանը՝ հավելելով, որ արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել։

Մակինյանը նշել է, որ սա «աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ», որ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ պատճառաբանություններ չեն բերվում։

Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: