Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է շրջիկ առևտրի կարգավորման մասին` «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 41։
Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևանի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք. այդ իրավունքը նրանց տալու է քաղաքապետը, կարգն ու պայմանները սահմանելու է Երևանի ավագանին։ Տուրքը կազմելու է 50,000 դրամ։
Քաղաքապետարանը կարող է մերժել տնտեսվարողին, եթե նրա ներկայացրած չափանիշները չհամապատասխանեն ավագանու հաստատած նորմերին։ Թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել 10-օրում։
Քվեարկությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանին:
Օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորելու Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները: