Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին հայազգի երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերահաստատումը հաղթանակ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Հունվարի 13-ին ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում հետ Դրեզդենի բեմում հանդես էր գալու Մանթաշյանը, քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր երգել հայ երգչուհու հետ: Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվել էր: Հետագայում Էյվզովը հերքել էր, որ Մանթաշյանի մասնակցությունն իր պատճառով է չեղարկվել: Հունվարի 24-ին Ռուզան Մանթաշյանը հայտնել էր, որ Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ի համերգին մասնակցելու հրավեր է ստացել:
Պապյանը նշել է, որ այս ընթացքում ինքն իր համար հայտնաբերել է «մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների»:
«Բարձրաձայնելով խնդրի մասին` մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը»,- գրել է Պապյանը՝ նկատելով, որ միայն հայազգի Սաթի Սպիվակովան «իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»: