25 հունվարի 2020 - 12:27 AMT
Աճեմօղլու․ ՀՀ նման երկրները պետք է շատ ավելի քրտնաջան աշխատեն իրենց տնտեսական նիշան գտնելու համար

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, անդրադառնալով տնտեսությունը զարգացնելու Հայաստանի հեռանկարներին, ասել է, որ Հայաստանի նման երկրները ստիպված են լինելու շատ ավելի քրտնաջան աշխատել իրենց տնտեսական նիշան գտնելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այսպես, Չինաստանն արդեն իսկ գրավել է բազմաթիվ ապրանքների արտադրությունը, որոնք կարող էին արտադրել Հայաստանի նման միջին եկամուտ ունեցող երկրները․․․ Իսկ ավտոմատիզացումը և գլոբալիզացիան ամեն ինչ էլ ավելի բարդ են դարձնելու»,- նշել է նա։

Տնտեսագետը հավելել է, որ Հայաստանը սկսել է անցման գործընթացը շատ կիրթ աշխատուժով:

«Ուստի, դա առավելություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն, անշուշտ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհի առաջատարը չէ: Եւ նույնիսկ եղած առավելությունները Հայաստանը դեռևս լիարժեքորեն չի շահագործել»,- ասել է նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Աճեմօղլուն ասել է, որ եթե հզոր առաջնորդ կամ ուժ, վերահսկելով ինստիտուտները, թշնամիների դեմ է պայքարում, դա թուլացնում է այդ ինստիտուտները:

«Հայաստանի համար, իմ կարծիքով, վտանգն այն է, որ այս ուղին բաց է մնում: Կա կոռուպցիայի դեմ պայքարի մի ձև, ես այն անվանում եմ Չինաստանի Սի Ծինպինի պայքարի ոճը. Դու դարձնում ես կոռուպցիան ծայրահեղ առաջնահերթություն: Բայց հետո դու մեղադրում ես քո բոլոր հակառակորդներին և թշնամիներին կոռուպցիայի մեջ: Դու վերահսկում ես դատարանները, որպեսզի դրանք հետապնդեն նրանց, մինչդեռ քո գլուխն ազատ է: Իմ համոզմամբ, սա միանշանակ կոռուպցիայի դեմ պայքարի ճիշտ ոճը չէ»։

Որպես հաջողության կարևոր գրավական հայտնի տնտեսագետը նշել է բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, հատկապես հզոր ինստիտուտների կառուցման հարցում, մի բան, որն, ըստ նրա, իրոք բարդ է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն:

Աճեմօղլուն` անդրադառնալով Փաշինյանի ՀՀ հրավերին, ասել էր, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անել հեշտ չի լինի: