25 հունվարի 2020 - 14:09 AMT
Վարչապետ. Ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հայտարարել, թե պետական հեղաշրջման փորձ է կանխվել, նա արել է այնպիսի ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, թե «հեղաշրջում», «պետական հեղաշրջում», «պատերազմ» և այս կարգի հասկացությունները փոփոխություն են կրում մեր օրերում, ինչպես օրինակ՝ հիբրիդային պատերազմն է. այն ընթանում է, բայց ոչ ոք չի նկատում:

«Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք որպես հիբրիդային ինչ-որ երևույթի մեկնաբանություն` կարող ենք անվանել հեղաշրջման հիբրիդային նախապարտրաստություններ: Հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք պարտված է և ջախջախված»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ հիբրիդային պրոցեսի անբաժան մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցցանցերով ՀՀ ղեկավարի, նրա ընտանիքի, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություն տարածելու համար՝ ընդ որում, Փաշինյանի խոսքով, դա արվում է ներգրավելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի:

«Հեղաշրջում» բառը այս պրոցեսի մեջ տեղավորվում է, որովհետև հընթացք այս պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դրա մեջ ներգրավված են շատ տարբեր պաշտոնյաներ՝ այդ թվում ՍԴ-ում կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ:

Փաշինյանն ասել է, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, բավարար ապացույցների դեպքում մարդիկ կենթարկվեն նաև քրեական պատասխանատվության, սակայն պրոցեսի նպատակը նրանց դատելը չէ, այլ` ՀՀ ազգային անվտանգույանը սպառնացող վտանգը չեզոքացնելն է:

«Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը»,-ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ողջամիտ կասկածներ են եղել, թե ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է:

Հունվարի 13-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել: