25 հունվարի 2020 - 18:14 AMT
Փրկարարները հանդիպել են ռուս արշավորդներին. Վատառողջ քաղաքացին տեղափոխվել է ԲԿ

Փրկարարները հանդիպել են ռուսական արշավախմբի անդամներին, որոնց օգնություն էր հարկավոր։ Վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխել են Մարտունի քաղաքի ԲԿ:

Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էր նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը։

Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911-ն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն էր ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները շարունակվել են հունվարի 25-ին: