Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաների գեներալի կոչումներ են շնորհվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։
Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին, ինչպես նաև Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին։
Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին։
ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանին ևս շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ :