4 փետրվարի 2020 - 15:56 AMT
ԵԱՏՄ սահմանով կանխիկի անցկացման նոր կանոններն ուժի մեջ են մտել

Եվրասիական տնտեսական միության երկրներում փետրվարի 4-ից սահմանով կանխիկ գումար անցկացնելու նոր կանոններ են գործում:

$100,000-ը գերազանցող կանխիկ գումար և (կամ) դրամական գործիքներ ունեցող ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային սահմանը հատելիս պետք է ոչ միայն հայտարարագրի գումարը, այլև փաստաթղթեր ներկայացնի, որոնք հաստատում են այդ միջոցների ծագումը, գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը հղումով:

Մասնավորապես, խոսքը հաշվեհամարից դրամական միջոցներ հանելու վերաբերյալ բանկային փաստաթղթի, ինչպես նաև կոնվերսիոն գործողությունների, վարկերի ստացման փաստաթղթի մասին է, ինչպես նաև այն փաստաթղթերի, որոնք հաստատում են քաղաքացիական և իրավական գործարքների կատարումը՝ օրինակ, ժառանգություն ստանալն ու նվիրատվությունը:

Եթե նման փաստաթղթեր չկան, գումարի և (կամ) դրամական գործիքների փոխադրումը ԵԱՏՄ մաքսային սահմանով չի թույլատրվում: