11 փետրվարի 2020 - 18:19 AMT
ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցում Երևանի և Բաքվի գործողությունները վկայում են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին

Ռուսաստանը սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի` կոմպրոմիսային փոխզիջումներ փնտրելու պատրաստակամությունը, իսկ հարցը շարունակում է մնալ ՌԴ նախագահի, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նա նշել է, որ իրավիճակը շփման գծում և սահմանին շարունակում է հանգիստ մնալ, Երևանի և Բաքվի միջև հաղորդկացման ուղիներ կան, լրագրողների այցեր են եղել, գերիներ են փոխանակվել:

Ըստ նրա՝ այս ամենը վկայում է կողմերի՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար տարվող կոնկրետ քայլերի մասին:

Պատասխանելով ԼՂ հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին հարցին, Ռուդենկոն նշել է, որ ՌԴ-ն միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել հակամարտության կարգավորման հարցում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է երկու երկրի առաջնորդների և ԱԳՆ ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման մասին:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2020-ի հունվարի 16-ին Փարիզում: Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել խաղաղ գործընթացին առնչվող հարցերի՝ այդ թվում՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: