12 փետրվարի 2020 - 11:14 AMT
Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում հասել է 1113-ի

Չինաստանում կորոնավիրուսից, որը նոր անվանում է ստացել՝ COVID-19-ը, մահացածների թիվը հասել է 1113-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության պետական կոմիտեն՝ մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 97-ով:

Մահացու դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Հուբեյ նահանգում՝ հիվանդության էպիկենտրոնը համարվող Ուհան քաղաքում, գրում է Deutsche Welle-ն:

Վերջին տվյալներով՝ Չինաստանի տարբեր նահանգներում թոքաբորբով է վարակվել 44,653 մարդ, 38,800 հիվանդ կա, 8200-ի վիճակը ծանր է: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4700 մարդ: Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ևս 25 երկրում:

ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդության 2 դեպք էր գրանցվել, 2-ն էլ ապաքինվել են, գրում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը տեսանյութ է հրապարակել՝ ուղղված կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարին: Դրանում երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերն իրենց զորակցությունն են հայտնում տեղացիներին՝ քաջալերելով չին ժողովրդին և իշխանությանը: