12 փետրվարի 2020 - 14:51 AMT
Ապրիլյանում զոհված հերոսի բնակարանը վերանորոգվել է

Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հիմնանորոգել են Գյումրիի Մուշ թաղամասի Ստեփանյանների բնակարանը, որտեղ ապրել է Ապրիլյան պատերազմում հակառակորդի հետ մարտում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը:

Նա երազում էր հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի ծնողներն իրականացրել են որդու երազանքը:

Երկրաշարժից հետո Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան, որն ընտանիքին տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել: Ավելի քան 3 տասնամյակ հետո խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,- ասել է Արթուր Ստեփանյանը:

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր որդուն անվանել է զոհված եղբոր անունով: