12 փետրվարի 2020 - 14:55 AMT
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին է ներկայացրել ՍԴ շուրջ իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա անցկացման հանգամանքներին:

Հանդիպմանը վարչապետը խոսել է նաև գործադիրի բարեփոխումների լայն օրակարգից, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից, ինչպես նաև կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունից:

Փաշինյանը նաև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։