Հայաստանը 2020-ին առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա Բեռլինալեի շրջանակում անցկացվող՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Փետրվարի 20-27-ը կայանալիք Բեռլինալեի շրջանակում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, մանրամասնել է տաղավարի աշխատանքների մասին։
Ըստ նրա՝ տաղավարը հնարավորություն կտա հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն)։
Հատուկ Բեռլինալեի կինոշուկայի համար՝ Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որում ներկայացված են բոլոր այն կինոգործիչները, ովքեր նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր՝ արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։
Հայկական տաղավարը գտնվելու է Մարիոթ հյուրանոցում, համար 125 տաղավարում: