13 փետրվարի 2020 - 11:03 AMT
Ռևազյան. ՀՀ-ն ու ԵՄ-ն շուտով ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կկնքեն

Առաջիկայում Հայաստանի և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր է կնքվելու: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Պաստախանելով Հայաստանի և Հորդանանի միջև հոսքերի մասին հարցին՝ նա ասել է, որ թեև այս պահի դրությամբ ավիաընկերությունների կողմից մեծ հետաքրքրվածություն չկա, փորձելու են միջոցներ ձեռնարկել կապեր ստեղծելու ուղղությամբ։

ՀՀ-ն ավիացիայի ոլորտում միջկառավարական 49 պայմանագիր ունի։

ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցությունները մեկնարկել են 2017-ին: Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում մոտ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: