14 փետրվարի 2020 - 13:09 AMT
Փաշինյան. Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք որպես ՀՀ-ի վրա հարձակում

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում պատասխանելով ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը, և անդրադառնալով իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը:

Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում հանդիպել է ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

«Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։

«Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի...»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով 2001-ին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովի «հերոսացման» պատմությունը:

Վարչապետը նշել է, որ անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, քանի որ, երբ խաղաղ բնակավայրերը «ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս»:

«Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե ՀՀ-ն, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։

Ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել: Բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018-ի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»,-ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ, խոսելով ղարաբաղյան հարցի մասին, Փաշինյանը նշել էր, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդների համար։ Նա հույս էր հայտնել, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։