14 փետրվարի 2020 - 15:32 AMT
Նիդեռլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Նիդեռլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացակարգերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«2020թ. փետրվարի 12-ին Նիդեռլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն, որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։