17 փետրվարի 2020 - 13:22 AMT
Փորձագետ. Կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում նվազման միտում ունի

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է գագաթնակետին, վարակների նոր դեպքերն աստիճանաբար նվազում են և առաջիկայում կարելի է իրավիճակի բարելավում ակնկալել: Նման տեսակետ է հայտնել Ուհանի հատուկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը:

«Բեկումնային պահն արդեն եկել է: Ինչ վերաբերում է վարակվածների վիճակագրությանը, ապա գրանցված դեպքերից շատերը դասվում են արդեն բացահայտվածների շարքին: Բարձր ջերմությամբ հիվանդների քանակը, իմ դիտարկմամբ, նվազում է 5-րդ օրն անընդմեջ»,- մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Փորձագետը վստահություն է հայտնել, որ հիվանդների կտրուկ աճ այլևս չի լինի:

Փետրվարի 17-ի դրությամբ Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ, մոտ 1770 մարդ մահցել է: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի:

Երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են:

Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար: