17 փետրվարի 2020 - 17:53 AMT
ՌԴ-ում կարող են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը

Ռուսաստանում մտադիր են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը՝ մինչև դրանց իրացման կանոնակարգման մշակումը: Այդ մասին տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ ՌԴ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վալերի Ռյազանսկուն հղումով:

Պետդումայում փետրվարի 14-ին էլեկտրոնային սիգարետների և վեյփերի վաճառքի սահմանափակման հարցերը քննարկող աշխատանքային խմբի նիստին քննարկվել է «Ծխախոտի ծխից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը փոփոխելու հարցը:

Հիմնական նպատակն է միասնականացնել նիկոտինի պարունակությամբ ամբողջ արտադրանքի կանոնակարգումը: Ըստ սենատորի՝ անցումային շրջանը կարող է 2 տարի տևել:

Նիկոտին պարունակող ապրանքները, որոնք նախատեսված չեն ծխելու համար` դեղապաստեղներ, սնեկեր, որոնք հաճախ ներկայացվում են որպես ծխելուց հրաժարվելու միջոց, ըստ սենատորի, ընդհանրապես չպետք է վաճառվեն: Նրա խոսքով՝ եթե դրանք կապված են բուժման հետ, ապա պետք է վաճառվեն դեղատներում:

Փոփոխությունները ևս մեկ անգամ քննարկվելու են փետրվարի 19-ին, իսկ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է մարտի 3-ին:

Ծխող ռուսաստանցիների մոտ 8 տոկոսն այդ նպատակով օգտագործում է վեյփեր, նարգիլեներ և առանց ֆիլտրի ծխախոտ:

ՀՀ-ում 2020-ի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։

Ընթերցեք նաև. Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ