17 փետրվարի 2020 - 18:03 AMT
Փաշինյանը կարևորել է կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացումը ԶՈւ շարքերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է եղել վերջին շրջանում Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերիհանգամանքների և պատճառների վերաբերյալ: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին:

Փաշինյանն առաջնային է համարել ԶՈւ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: