18 փետրվարի 2020 - 14:12 AMT
Թուրքիայում քահանա է ձերբակալվել. ՔԲԿ զինյալներին հաց ու ջուր էր տալիս

Թուրքական իշխանությունները ահաբեկչության մեղադրանքով ձերբակալաել են սիրիացի ուղղափառ հոգևորականին՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներին հաց ու ջուր տալու համար, հայտնում է Catholic News Agency-ն:

Սեֆեր Բիլեսենը ձերբակալվել է նախ հունվարի 9-ին և ազատ արձակվել ամսի 14-ին: Ավելի ուշ, սակայն, նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Մեղադրականի մասին հայտարարվել է փետրվարի 8-ին:

Բիլեսենը ձերբակալվել է 2018-ին քուրդ անջատողականներին հաց և ջուր տալու համար, թուրքական իշխանություններն այն համարել են աջակցություն ահաբեկիչներին:

ՔԲԿ-ն կուսակցություն է, որը պայքարում է Թուրքիայում քրդական անկախ պետության ստեղծման համար: ՔԲԿ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև զինված պայքարի արդյունքում հազարավոր մարդիկ են մահացել: Եվրամիությունը ՔԲԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ՄԱԿ-ը՝ ոչ: Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999-ից թուրքական բանտում է:

Հոգևորականը մեղադրվում է նաև ՔԲԿ անդամների մասին իշխանություններին չհայտնելու համար: Նշվում է, թե նա իմացել է, որ նրանք արգելված խմբի անդամներ են:

Քահանան ընդունել է, որ հաց և ջուր է տվել ՔԲԿ անդամներին, սակայն դա համարել է իր քրիստոնեական պարտքը և ասել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: