18 փետրվարի 2020 - 15:16 AMT
Դավթյան. 2019-ի հունիսից մինչև օրս բանակում ինքնասպանության 8 դեպք է կանխվել

2019-ի հունիսից մինչև օրս բանակում ինքնասպանության 8 փորձ է կանխվել, ճեպազրույցում ասել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքով՝ սպաները, ովքեր կանխել են ինքնասպանության դեպքերը, խրախուսվել են:

Դավթյանն ասել է նաև, որ սրանք դեպքեր են, որոնք ներկայացրել է ԱԺ հանձնաժողովին, որ ավելի ակնառու ցույց են տալիս ներկայիս խնդիրները, տեղեկացնում է Shantnews.am-ը:

ԳՇ պետի խոսքով՝ բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են:

Պատասխանելով հարցին, թե ով է պատասխանատվություն կրում այսքան զոհերի համար՝ Դավթյանն ասել է. «Օրենքի առջև հավասար են բոլորը, մեղավորը կորոշվի դատարանի վճռով, նշել պատասխանատուներ գտնում եմ ոչ ճիշտ: Կարգապահական տույժերի մասին՝ ծառայողական քննություններ անցկացվում են, ելնելով դրանցից՝ ունենք բոլոր իրավունքներով կատարված պաշտոնից հեռացումներ, զորացրումներ... Ունեցել ենք գնդապետի մահ՝ հիվանդության պատճառով, այս դեպքում ո՞ւմ պատասխանատվության ենթարկենք»:

Դավթյանը հայտնել է նաև, որ բանակում 2020-ի 13 զոհից 4-ը մահացել են հիվանդության պատճառով, իսկ 4-ը՝ դժբախտ պատահարի:

ԳՇ պետը խոստացել է, որ կփորձեն հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնել:

Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ:

Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: