19 փետրվարի 2020 - 15:59 AMT
Էստոնիայի հետախուզություն. ՌԴ-ն դեռևս ստիպված է հանդուրժել ՀՀ ներքաղաքական դասավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Ռուսաստանի հետ զուսպ են, բայց ՌԴ-ն ստիպված է հանդուրժել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին ասվում է Էստոնիայի Արտաքին հետախուզության դեպարտամենտի «Միջազգային անվտանգությունն ու Էստոնիան» 2020-ի զեկույցում:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները՝ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին և ներքին գործերին:

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, որոնք այդ հակամարտության հանգուցալուծման բանալի են համարում Մոսկվային: Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ՌԴ քաղաքական և ռազմական աջակցության պահպանումը, առանց որի դժվար կլիներ ապահովել Ղարաբաղի հայերի պաշտպանությունը»,-ասվում է զեկույցում:

Էստոնիայի Արտաքին հետախուզության ծառայությունում պնդում են՝ քանի որ Փաշինյանի կառավարությունը չի փլուզվել, Ռուսաստանը ստիպված է որոշ ժամանակ հանդուրժել 2018-ից հետո ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

«Դեռևս պահպանվում է լարվածությունը նախկին վերնախավի և նոր կառավարության միջև, Փաշինյանի աջակցությունը ժողովրդի կողմից՝ նույնպես: Լուրջ քաղաքական մրցակիցներ Փաշինյանը չունի: Հայաստանի տնտեսությունը նույնպես չի փլուզվել: Փոխարենն այն աճի լավ դինամիկա է գրանցում, իսկ պետական եկամուտները փաստացի ավելացել են»,- ասվում է զեկույցում:

«Չնայած Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս որպես կառուցողական և կարգավորմանը միտված միջնորդ, այն իրականում շահագրգռված չէ այդ հակամարտության հանգուցալուծման մեջ: ՌԴ-ն նաև շահագրգռված չէ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ լինի: Առաջին սցենարը կզրկի Մոսկվային Հարավային Կովկասում իր ազդեցության գլխավոր լծակից: Իսկ լայնածավալ պատերազմի հետ կապված ռիսկերը չափազանց մեծ են ու անկանխատեսելի»,- ասվում է էստոնական հետախուզության զեկույցում:

Էստոնիայում է գտնվում ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության խոշորագույն կենտրոնը, որի աշխատանքին մասնակցում է մոտ 30 երկիր: Ստորաբաժանումը հիմնվել է 2008-ին. էստոնական կողմի նախաձեռնությամբ՝ կապված ՌԴ հաքերների ենթադրյալ միջամտության հետ «բրոնզե զինվորի» շուրջ իրավիճակում: Էստոնիայի արտաքին հետախուզության դեպարտամենտն ամենամյա զեկույցներ է հրապարակում 2016-ից: