19 փետրվարի 2020 - 11:20 AMT
Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 2000-ը

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի, ևս 4 մարդ մահացել է երկրի սահմաններից դուրս: Այսպիսով աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը 2009 է:

Ըստ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի՝ ապաքինվել է ավելի քան 14,300 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 74,100-ը, գրում է ՌԲԿ-ն:

Մահացության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Հուբեյ նահանգում, որը համաճարակի օջախն է: Ընդհանուր առմամբ, նահանգում գրանցվել է 1693 նոր դեպք, 24 ժամում մահացել է 132 մարդ, հիվանդների ընդհանուր թիվը 50,600 է: Նահանգի մայրաքաղաք Ուհանում մահացել է ևս 116 մարդ, ի հայտ է եկել հիվանդության 1660 նոր դեպք:

ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի տարածումը համարում է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն և բնութագրել է այն որպես համաճարակ բազմաթիվ օջախներով: Պատվաստանյութ դեռևս չկա: Փետրվարի 14-ին չինացի բժիշկները հայտարարել են, որ գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակավոր արդյունավետ միջոց՝ խոսքն ապաքինվողների պլազման նոր վարակվածներին փոխներարկելու մասին է: