19 փետրվարի 2020 - 12:07 AMT
Թուրք իրավապաշտպանն ազատ արձակվելուց մի քանի ժամ անց կրկին ձերբակալվել է

Հայտնի թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է:

Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017-ի դեկտեմբերին, մեղադրվում էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

Փետրվարի 19-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալության օրդեր է արձակել 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գործով ընթացող հետաքննության շրջանակում, գրում է Civilnet-ը:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ կառույցը բողոքարկել է դատարանի որոշումը։

«Ազատություն Օսման Քավալային» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ոստիկանությունում նրա պահման ժամկետը 24 ժամ է, որից հետո նա կտեղափոխվի Չաղլայան դատարան։

Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Anadolu Kültür հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն: