19 փետրվարի 2020 - 17:45 AMT
Էրդողան. Թուրքիան Իդլիբը չի թողնի Սիրիայի կառավարական ուժերի ձեռքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով թուրք-սիրիական լարված հարաբերություններին, հայտարարել է, որ Իդլիբը չեն թողնի Սիրիայի կառավարական ուժերի և նրանց աջակիցների ձեռքում:

Նա շեշտել է Թուրքիայի վճռականությունը` Իդլիբն անվտանգային գոտու վերածելու հարցում:

«Իդլիբի գործողությունն այլևս վայրկյանի հարց է»,- ասել է նա, գրում է Ermenihaber-ը:

Էրդողանը զգուշացրել է, որ եթե սիրիական հարցում ներգրավված երկրները չփարատեն Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ապա Թուրքիան ստիպված է լինելու քայլեր ձեռնարկել: Ըստ Էրդողանի՝ իրենք վերջին անգամ են զգուշացնում, որ Սիրիայի կառավարական ուժերը դադարեցնեն գործողություններն Իդլիբում և զորքերը հետ քաշեն` հավատարիմ մնալով Սոչիի համաձայնագրին:

Էրդողանը նկատել է, որ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցություններում ցայսօր որևէ արդյունքի չեն հասել:

«Իդլիբի հարցում Թուրքիան ամեն կերպ պատրաստվել է իր գործողության ծրագրերն իրականացնելու համար: Ինչպես ցանկացած օպերացիայի ժամանակ է լինում, այս հարցում նույնպես ասում ենք, որ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Իդլիբի հարցում համաձայնության հասնելու բանակցություններ վարելու նպատակով նախ Թուրքիա էր մեկնել ռուսական պատվիրակությունը, որը բանկցությունների անարդյունավետ ավարտից հետո վերադարձել էր Մոսկվա: Բանակցությունների 2-րդ փուլով էլ Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությունը ռուս գործընկերների հետ հանդիպումներ է սկսել փետրվարի 17-ին, որոնք նույնպես առայժմ որևէ ցանկալի արդյունք չեն տալիս: