Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
Մանարյանը մահացել է փետրվարի 19-ին՝ 95 տարեկանում։
«Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը»,- նշել է վարչապետը:
Մանարյանը ծնվել է 1924-ին՝ Իրանում: 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959-ին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը:
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։