20 փետրվարի 2020 - 12:37 AMT
Իրանում կորոնավիրուսից մահացած 2 անձը չեն շփվել չինաստանցիների հետ

Իրանում կորոնավիրուսից մահացած 2 անձը շփում չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների, կամ այդ երկիր այցելած անձանց հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին:

Կորոնավիրուսից մահացած իրանցիները Ղոմ քաղաքի բնակիչներ էին: Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի այլ մասերում վարակի նոր դեպքերի մասին տեղեկություն չի ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ղոմն ամբողջ աշխարհի շիա մահմեդականների ուխտատեղին է:

Ըստ Մարդանիի՝ նախարարությունն այժմ պարզում է, թե ինչպես է կորոնավիրուսը փոխանցվել Ղոմում մահացածներին, սակայն, հավանական է, որ «հիվանդությունը փոխանցվել է հարևան որևէ երկրից եկած ճանապարհորդի միջոցով»: Նա հավելել է, սակայն, որ չեն կարող հաստատել վիրուսի փոխանցման վայրը:

Իրանն ԱՄԷ-ից հետո Մերձավոր Արևելքի 2-րդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 2126 մարդ, բոլոր երկրներում վարակվածների թիվը հասել է 75,725-ի, որից 74,280-ը՝ մայրցամաքային Չինաստանում: