20 փետրվարի 2020 - 19:56 AMT
Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների հետքերով քրգործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Hraparak.am-ի «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» և Lragir.am-ի «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերնագրով հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 13-ին Hraparak.am-ը գրել էր, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը դատապարտված է եղել: Նշվում էր, որ նախարարը թաքցրել է իր դատվածության փաստը՝ ընդգծելով, որ զինծառայության ժամանակ նա դանակով հարվածել է իր հրամանատարին, ինչի առթիվ քրգործ է հարուցվել։ Ըստ աղբյուրի՝ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (այն է՝ պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»):

Մեկնաբանելով ԶԼՄ-ի հրապարակումը՝ Պապիկյանն ընդունել էր մարված դատվածության փաստը, հերքել զենքի գործադրումն ու նշել, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի (Պապիկյանի ղեկավարում է այդ շտաբը) գործունեությունը մրոտելու փորձ է: Նա նաև ակնարկել էր, որ տեղեկությունը հասու է բարձրաստիճան ուժայիններին ու ասել, որ իրավապահ համակարգից տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։

«Տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել էր նա։

«Պատիվ ունեմ» արտահայտությունն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս արել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա այդ խոսքերով էր ավարտել պաշտոնից ազատման իր դիմումը։