Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին Լավաշի օր է լինելու, որի ավարտին ելույթ կունենա սերբ հայտնիերաժիշտ Էմիր Կուստուրիցան` No Smoking Orchestra բենդի հետ:
Միջոցառումը նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Լավաշի օրվա մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, հետևել լավաշ թխելուն, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը:
Ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել՝ նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ամեն տարի Լավաշի օրը կհյուրընկալի մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:
Միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ սևեռելը՝ կարևորելով դրանց համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը:
Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Լավաշի օրվա մասին, հայտարարել էր, որ արդեն սկսում են նախապատրաստական աշխատանքներն ու ակտիվ գործակցելու են տուրօպերատորների հետ: