21 փետրվարի 2020 - 15:56 AMT
Թորոսյան. Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունն ուժեղացվել է, ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր չկան

Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ ՀՀ-ում, որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ, ուժեղացվել է Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում: «Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել»,- հայտարարել է Թորոսյանը:

Նախարարը կոչ է արել հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով, նաև մի քանի խորհուրդ տվել սուր շնչառական վարակները կանխարգելելու համար:

Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, ավելի վաղ հաղորդվել էր 5 դեպքի մասին:

Կարդացեք նաև՝Իրանում կորոնավիրուսվ հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել