21 փետրվարի 2020 - 15:58 AMT
Իրանում կորոնավիրուսով հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակի ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվն Իրանում հասել է 18-ի, որից 2-ը՝ մահացու ելքով, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ անցկացված ստուգման արդյունքում, հավանաբար, վարակվելու 13 նոր դեպք կա»,- ասվում է Ջահանպուրի հայտարարության մեջ:

Ըստ նրա` նոր հիվանդների մեծ մասը Ղոմ քաղաքի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին:

Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը:

13 վարակվածից 7-ը Ղոմում են, 4-ը՝ Թեհրանում, ևս 2-ը՝ Գիլյան գավառում:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել: