21 փետրվարի 2020 - 17:51 AMT
Իրանում կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել

Իրանում կորոնավիրուսից ևս 2 մարդ է մահացել՝ նոր արձանագրված 13 նոր հիվանդների թվից: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

«Վարակի նոր հաստատված դեպքերից, ցավոք, ևս 2 մարդ է մահացել»,-ասել է պաշտոնյան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այդպիսով մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվն այդ երկրում հասել է 4-ի:

Վարակի գրանցված դեպքերի ընդհանուր քանակն Իրանում հասել է 18-ի՝ Ղոմում, Արակում, Թեհրանում և Գիլյանում: Նոր հիվանդների մեծ մասը Ղոմի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին:

Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել: