28 փետրվարի 2020 - 17:18 AMT
ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում խախտումներ է գտել

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019թթ. գործունեությունը և գնումների 315 մլն դրամի խախտումներ գտել:

Ուսումնասիրվել են Հիմնադրամի՝ 705 մլն դրամի գնման գործընթացներ:

Գնման 2 գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները ներկայացրել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր. արդյունքում դրանց հետ կնքվել է 127 մլն դրամի պայմանագրեր:

Մեկ այլ դեպքով ընկերության մատուցած ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև խիստ քանակական անհամապատասխանություն են գտել: Հիմնավոր կասկածներ կան փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ` արդյունքում բյուջե չի վճարվել մոտ 14 մլն դրամ եկամտահարկ:

Ծառայություն մատուցող ընկերությանը տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն մատուցելու դիմաց Հիմնադրամից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3 մլն դրամի տուգանք:

Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է: Հեռուստացույցների մատակարարման գինը մոտ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքը, բայց գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13 մլն դրամով ավելի գումար (ԱԱՀ), քան վերջինիս գնային առաջարկն էր:

Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:

Եվս մի դեպքով՝ ընկերությունը 47 մլն դրամի (դրամարկղային) ծախս է արել՝ Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայությունը ստուգելու:

Ուսումնասիրվում էին իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Հիմնադրամի միակ հիմնադիրը ՀՀ-ն է։