18 մարտի 2020 - 09:56 AMT
ԱԳՆ-ն`ՀՀ քաղաքացիներին. Վրաստանով ՀՀ մի վերադարձեք, մուտքն արգելված է

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից: Այդ մասին տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` կոչ անելով սթափ գնահատել իրադրությունը:

Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով, նաև օդային ու ծովային ճանապարհներով)։

«Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը (18․03․2020 ժամը 00։00-ից), հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»-, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Աննա Նաղդալյանը հայտնել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան:

Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Նշվել է նաև, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում:

Ըստ ԱԳՆ-ի` Ռուսաստան մեկնող, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է՝ միայն առատ ձյան պատճառով: Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը։

Հայաստանում մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: