19 մարտի 2020 - 12:07 AMT
Բիզնեսը 0%-ով վարկեր կստանա կորոնավիրուսի խնդիրներից ապաքինվելու համար

Կառավարության մարտի 19-ի նիստում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի լուծման հարցերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է փոփոխությունների փաթեթների մանրամասները։

Մասնավորապես, գործադիրի հատկացված առաջկցության առաջին՝ 25 մլն դրամի փաթեթն ուղղվելու է բիզնեսի համար վարկերի տրամադրմանը։ Նախագծի համաձայն՝ գումարի 50%-ը ֆինանսավորելու են բանկերը, մինչև 50 տոկոսը՝ Կառավարությունը։ Գործադիրի հատկացրած գումարն անտոկոս է, բանկերին ու վարկային կազմակերպությունների տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը։ Այսինքն, տնտեսվարողը 0%-ով գումար կստանա:

Այն կարող է ուղղվել մի քանի նպատակի։ Առաջինը՝ աշխատավարձերի ու դրանց գծով հարկերի վճարմանը՝ յուրաքանչյուր աշխատակցի հաշվով 3 ամսից ոչ ավելի, 500 հազար դրամից ոչ ավելի աշխատավարձ տալու համար։

2-րդ ուղղությունը հումքի գնումը և ներմուծումն է այն դեպքերում, եթե ամբողջ ծավալն օգտագործվելու է ՀՀ-ում պատրաստի արտադրանք ստանալու համար ու տնտեսվարողն արտադրական հզորություններ ունի։

Երրորդը սարք-սարքավորումների ներմուծումն է՝ ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ այն ընդլայնելու համար։ Գումարը կտվրի էլէներգիայի, ջրի, գազի գծով ծախսերի ֆինանսավորմանը՝ մինչև 3 ամսով, ամսական մինչև 5 մլն դրամ ծավալով։

Վարկ կտրվի նաև ՀՀ-ում իրացվելիք սննդի, պարարտանյութի, սերմի, տնկիների ներմուծման ֆինանսավորմանը։

Վարկերի նկատմամբ հիմնական պահանջներն են՝ մինչև 24 ամիս ժամկետով ու մինչև 500 մլն դրամ ծավալով: Պետությունը համաֆինանսավորելու է մինչև 250 մլն դրամ ծավալը։ Կառավարության կողմից տրամադրվելիք գումարը լինելու է դրամով։

Նախագիծը դրվելու է հանրային քննարկման մոտ ապագայում։